Մայդանի շնորհիվ ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտնվեց ազատության մեջ, սակայն Մայդանը չի ցանկանում Տիմոշենկոյին տեսնել երկրի նախագահի պաշտոնում: «ՈՒկրաինայի Մայդանի ժողովուրդ» ստորագրությամբ բաց նամակ է հղվել Տիմոշենկոյին, որում ասվում է, թե Տիմոշենկոն ազատության մեջ հայտնվելուց հետո գործածել է արտահայտություններ` «կլինեմ երաշխավորը», «կկատարեմ պահանջները» և այլն, որոնք «աչքի են զարնում և մատնում են» նախկին վարչապետի «իրական մտադրությունները»: Մայդանցիներն ասում են, որ երկրին նախագահի պաշտոնում տեսնում են մեկին, ով կհամապատասխանի խիստ չափանիշների, ով «անցյալում կոռուպցիոն սխեմաներ չի կառուցել կամ Ռուսաստանի հետ դավադրության մասնակից չի եղել` ինչպես 2009-ին»: Ասվում է, որ նախկինում Տիմոշենկոյի նկատմամբ ներկայացված մեղադրանքները թեև չափազանցված էին, սակայն դեռևս «շատ լուրջ և քրեորեն պատժելի էին»:
Նկատի ունենալով այս ամենը և նախկին վարչապետի «իմիջը փչացնելու» ցանկություն չունենալով, նամակի հեղինակները նրան խնդրում են իր թեկնածությունը հանել «ինքնուրույն»: Մայդանցիները նաև խնդրում են վարչապետի կամ այլ գործադիր պաշտոնի հավակնություն չունենալ, այլ խորհուրդ են տալիս մտածել խմբակցության ղեկավարի պաշտոնի մասին` խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ: Նամակագիրները խնդրում են հարգանքով վերաբերվել իրենց պատասխանին և նախագահի պաշտոնի համար աջակցել «ավելի երիտասարդ, ունակ և կոմպետենտ թեկնածուների»: